«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
08.04.2014 | 19:12

«Հարգելի պարոն Նախագահ,

Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբադը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբադում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր:
Մենք բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում:
Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը:
Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբադ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման:
Մենք պարոն նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը ԱՊՀ, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով:
Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար:
Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն:
Վերջերս Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն:
Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երևանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը ևս մեծ հաջողությամբ կուղեկցվեն:
Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին:
Իհարկե, մենք Թուրքմենստանի նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, և դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետև այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում: Մեկ անգամ ևս, պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության և այն ուշադրության համար, որը Դուք հատկացնում ենք մեր հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն»:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ